Մասնագիտական զարգացում

15.02.2023

08.02.2023

Մարիոնետների ֆաբրիկա։ Դպրոցական ուսուցչի խոստովանությունը։ Ջոն Թեյլոր Գատո

Դպրոցում դասավանդելու քսանհինգ տարվա ընթացքում ուշադրություն եմ դարձրել մի ապշեցնող երևույթի՝ երկրագնդի վրա մեծ  իրադարձությունների և ձեռնարկումների հետ դպրոցներն ու կրթության ամբողջ համակարգը ավելի ու ավելի քիչ կապ են ունենում: Արդեն ոչ մեկը չի հավատում, որ գիտնական պատրաստում են բնագիտական դասարաններում, որ քաղաքագետ դառնում են նրանք, որ լավ են սովորում հասարակագիտական առարկաները, իսկ պոետներ՝ նրանք, որ փայլում են մայրենի լեզվի դասերին: Իրականում դպրոցները ոչ մի բան չեն սովորեցնում, բացի հրամաններին ենթարկվելուց: Որպես ուսուցիչ՝ դպրոցներում աշխատում են հազարավոր բարի, մարդկանց նկատմամբ ոչ անտարբեր մարդիկ, բայց այդ հասարակական ինստիտուտի վերացարկված տրամաբանությունը կլանում է նրանց անձնական ներդրումները: Եվ չնայած որ ուսուցիչները, որպես կանոն, անտարբեր մարդիկ չեն և շատ-շատ են աշխատում, դպրոցական ինստիտուտը ինքնին անբարոյական է:  Զանգը տալիս է, և բանաստեղծությամբ տարված երիտասարդը պետք է արագ փակի տետրն ու անցնի մյուս խուցը, որտեղ պետք է իմանա, որ մարդիկ և կապիկները նույն նախնուց են առաջացել:

Երեխաները երկրի ապագա սերունդն են: Պետք է ամեն հնարավորություն օգտագործել, կիրառել, փորձարկել, որպեսզի բացահայտել այն ամբողջ ներուժը, որ ունի յուրաքանչյուր երեխա: Աշակերտակենտրոն դպրոցները բացահայտում ու զարգացնում են սովորողի մտահորիզոնը, տրամաբանությունը, ոչ թե կաղապարում ու սահմանափակում ոգևորությունը: Դպրոցական գիտելիքները կարող է սովորողը կյանքում կիրառել, բայց այն ազատության ու մտքի թռիչքի զարգացումը կարող է նպաստել նոր բարձունքներ նվաճելու համար:


1-ին դասարանի ընթերցանության նյութերի հավաքում, խմբագրում: Աշխատանքն ընթացքի մեջ է:

01.02.2023

1-ին դասարանի ընթերցանության նյութերի հավաքում, խմբագրում: Աշխատանքն ընթացքի մեջ է:


Իմ մանկավարժական դավանանքը: Ջոն Դյուի

Կրթության բովանդակությունը չի կարող երեխայի հասարակական կյանքի հմտություններից հեռու լինել: Բոլոր գործունեությունները պետք է բխեն սովորողի հետաքրքրություններից, որն էլ կապահովվի արդյունավետություն, մոտիվացիա ավելին իմանալու: Պետք է ընդլայնել սովորողի հետաքրքրությունների շրջանակը՝ ոգևորելով և կարևորելով այն:
Բավական մեծ ժամանակ են անցկացնում երեխաները դպրոցում՝ ոչ միշտ մասնակցելով այն գործունեությանը, որը հոգեհարազատ է: Սովորողներին ընտրության հնարավորություն քիչ է տրվում, որի արդյունքում էլ նվազում է հետաքրքրասիրությունը: Իսկ եթե դպրոցական ծրագիրը կազմվի հենց սովորողի հետաքրքրասիրություններից, ավելի արդյունավետ կդառնա ուսումնական գործընթացը:


…. գաղափարները (մտավոր և խելամիտ պրոցեսները) նույնպես գործունեության արդյունք են և գործողության ավելի լավ վերահսկողության համար են փոխանցվում: Այն, ինչ պատճառ ենք համարում, հիմնականում օրինաչափություն է՝ գործողությունների կազմակերպված և արդյունավետ հաջորդականություն: Դատելու կարողությունը, խելամտությունը զարգացնելու փորձը, առանց համապատասխանեցնելու գործողություն կատարելու համար միջոցներ ընտրելու և նախապատրաստելու հետ.  սա է ժամանակակից մեթոդներում այս խնդիրներին վերաբերող հիմնական մոլորությունը: Եվ արդյունքում երեխային մատուցում ենք չհիմնավորված նշաններ:

Կարծում եմ, որ մեծահասակը միայն երեխայի հետաքրքրությունների մշտական և հոգատար դիտարկման միջոցով կարող է թափանցել նրա աշխարհը և տեսնել, թե ինչի է նա պատրաստ, և ի՛նչ նյութի հետ կարող է առավել արդյունավետ և պատրաստակամ աշխատել:

25.01.2023

  1. Հետաքրքրվեցե՛ք ձեր առարկայով։ 
    Այն գործունեությունը, որով զբաղվում է յուրաքանչյուր մարդ, պետք է իր համար լինի այնքան հետաքրքիր, որպեսզի երբեք չպակասի մոտիվացիան/ոգևորությունը:

2. Իմացե՛ք ձեր առարկան:
Ուսուցիչը պետք է լավ իմանա իր առարկան, ունենա գիտելիքների մեծ բազա, որպեսզի ուսուցման ընթացքում հնարավորություն ունենա տարբեր տեսանկյուններից բացատրել դասը՝ հասանելի դարձնելով յուրաքանչյուր սովորողին: Գիտելիքի պակասի դեպքում ուսուցիչը կաղապարվում է և չի կարողանում լավ բացատրել դասը:

3.Իմացե՛ք, թե ո՛ր ճանապարհով կարելի է ուսումնասիրել այն, ինչը ձեզ անհրաժեշտ է: Ուսումնասիրման լավագույն ձևը ինքնուրույն հայտնաբերելն է։
Հարցասեր լինելը շատ կարևոր է, կարևոր է նաև սեփական հարցի պատասխանն այլ հարցերի միջոցով գտնելը: Ուսուցիչն այնքան հարց կարող է տալ սովորողին, տանել այն ճանապարհով, որ սովորողը գտնի պատասխանը ու զարմանա, որ ինքնուրույն գտավ իր իսկ չիմացածի պատասխանը:

4.Կարողացե՛ք կարդալ սովորողների դեմքերը։ Ջանացե՛ք տեսնել, թե ի՛նչ են սպասում նրանք ձեզանից, ըմբռնեք նրանց դժվարությունները, կարողացե՛ք ձեզ իրենց տեղը դնել։
Սովորողների հետաքրքրություններից ելնելով՝ թեմաների ընտրությունը ավելանում կամ պակասում է: Եթե սովորողները հետաքրքրված են այս կամ այն թեմայով, ուսուցիչը հնարավոր շատ ինֆորմացիա է տալիս, քննարկումներն այդ թեմայի շուրջ շատ են լինում:

5.Մի՛ սահմանափակվեք մերկ տեղեկատվությամբ, ջանացե՛ք սովորողների մոտ որոշակի ունակություններ, խելքի անհրաժեշտ կերտվածք և կանոնապահ աշխատանքի սովորություն զարգացնել։
Սովորողին տեղեկատվությունն ամբողջությամբ հասանելի լինելու դեպքում, ինքնուրույն չի փորձում կարդալ-գտնել-հետազոտել… Բայց եթե հնարավորություն ես տալիս, ինքնուրույն պրպտելու, սովորողն ինքնուրույն է ստանում տեղեկատվությունն ու գիտելիքների պաշարը:

6.Ջանացե՛ք նրանց կռահել սովորեցնել։
Հարցերի միջոցով ուղղորդումը հնարավորություն է տալիս սովորողին գտնել, գլխի ընկնել ճիշտ պատասխանը:

7.Ջանացե՛ք նրանց ապացուցել սովորեցնել։
Սովորողը պետք է վստահաբար պնդի իր իմացած ու ապացուցի, քանի որ ուսուցիչը կարող է դիտավորյալ «շեղող» հարցեր տալ:

8.Հայտաբերե՛ք ձեր խնդրում այն, ինչը կարող է ուրիշ խնդիրների լուծման ժամանակ պետք գալ. տվյալ կոնկրետ իրադրության խորքից ջանացե՛ք ընդհանուր մեթոդը երևան հանել։
Եթե ուսուցիչը մի հնարք-մեթոդ է գտնում խնդիրների լուծման համար, կարելի է առանձնացնել և կիրառել հաջորդ անգամ:

9.Մի՛ հայտնեք անմիջապես ձեր գաղտնիքը, թող սովորողները փորձեն կռահել այդ գաղտնիքը` մինչ այն նրանց կհաղորդեք, թողե՛ք սովորողներն իրենք հնարավորին չափ շատ բան գտնեն։
Երբ սովորողը փորձում է գտնել ինչ-որ հարցի պատասխանը, հնարավորություն է ունենում զարգացնել մտածողությունը, կռահելու կարողությունը:

10,Օգտագործե՛ք գլխի գցող ցուցումները, բայց ձեր կարծիքը բռնի կերպով մի՛ պարտադրեք։
Պետք է հարգել յուրաքանչյուրի կարծիքը, նույնիսկ եթե համաձայն չես և շատ է տարբերվում քո կարծիքից:
_______________________________________

Հանրակրթության պետական չափորոշչի հանրակրթական տարրական ծրագրի շրջանավարտին ներկայացվող վերջնարդյունքներից

Ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվի գրական հայերենով, կարդա, հասկանա, վերարտադրի պարզ գեղարվեստական և տեղեկատվական տեքստեր, ձևակերպի տեքստի հիմնական գաղափարը (ազգային փոքրամասնությունների պարագայում կարող է նաև իր մայրենի լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով).

Մտքերն արտահայտելիս բերի պարզ հիմնավորումներ, կատարի ընդհանրացումներ և պարզ դասակարգումներ.

Դրսևորի տրամաբանական և ստեղծագործական մտածողություն, կարողանա անդրադառնալ ու արձագանքել սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին․

Հասկանա իր առջև դրված խնդիրը, մշակի և կատարի քայլեր այն լուծելու համար.

Համատեղ կամ ինքնուրույն իրականացնի պարզ հետազոտական աշխատանքներ, անի եզրակացություններ՝ հիմնվելով ստացված տվյալների և դիտարկումների վրա, փաստերն օգտագործի իր գաղափարները հիմնավորելու համար և ներկայացնի ստացված արդյունքը պարզ գիտական բառապաշարով.

Արտահայտի սեփական մտքերը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր յուրահատուկ լինելը։

18.01.2023

 Մանկավարժական ինվարիանտներ: Սելեստեն Ֆրենե

  • Ինվարիանտ 1
    Երեխայի բնույթը ճիշտ այնպիսին է, ինչպիսին մեծինն է.

Այն ինչով ոգևորվում է ուսուցիչը, փոխանցվում է սովորողին: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է այն զգացմունքները, որոնք ունենում է ուսուցիչը: Դրանք պետք է լինեն դրական և տրամարդրող:

  • Ինվարիանտ 2
    Մարդու բարձր հասակն ամենևին շրջապատի նկատմամբ նրա առավելության մասին չի վկայում.

    Երբեք առանձին սեղան չեմ ունեցել դասարանում, որովհետև ես ինձ իրենցից չեմ առանձնացնում, համարում եմ իրենց մի մասնիկը՝ ավագ ընկերը: Դասապրոցեսի ընթացքում ուսուցիչը ժամանակ էլ չի ունենում նստելու, քանի որ սովորողներին օգնելու, ուղղորդելու, բացատրելու կարիք լինում է:
    Երբ սովորողի հետ ինչ-որ թեմայի շուրջ հատուկ, առանձին զրուցելու կարիք է լինում, միշտ հասակով հավասարվում եմ, որպեսզի չթվա, թե վերևից եմ խոսում, որովհետև իմ նպատակը վերևից նախատելը չէ, այլ միասին հարցին լուծում տալը:
  • Ինվարիանտ 3
    Դպրոցում երեխայի վարքը նրա հոգեկան խառնվածքից և առողջական վիճակից է կախված
    .

Երեխայի վարքը հաճախ է փոփոխվում, այն շատ հանգամանքներից է կախված: Չունի տրամադրություն, որովհետև
-գիշերը լավ չի քնել
-քաղցած է եկել դպրոց
-վիճել է քրոջ, եղբոր կամ էլ մեծահասակներից մեկի հետ
-խառնվածքն է այդպիսին
-իր ընկերը չի եկել դպրոց
և այլն

  • Ինվարիանտ 4
    Ոչ ոք (այդ թվում՝ և երեխան, ինչպես և մեծահասակը) չի սիրում, որ իրեն հրամայում են․

Այն ինչը պետք է արվի հրամայելով, սովորողների մոտ առաջանում է հակադրվելու ցանկություն: Իսկ այն, ինչը սիրով արված չէ, արդյունքի հասնելը դժվար է:

  • Ինվարիանտ 5
    Ոչ ոք չի սիրում ըստ հրամանի շարք կանգնել, որովհետև դա նշանակում է կրավորաբար ուրիշի հրամանին ենթարկվել.

    Հրաման/հրահանգներ կան, որոնք բխում են անվտանգությունից, սովորողների հետ պետք է քննարկել և մշակել կանոններ:
  • Ինվարիանտ 6
    Մահակի սպառնալիքով աշխատել մարդը չի սիրում, անգամ եթե աշխատանքն ինքնին տհաճ չէ. հենց հակադրելն է դիմադրություն առաջացնում.

Շատ ուրախ եմ, որ այդ դաժան ժամանակաշրջանն անցել է, երբ աշակերտին ծեծի կարող էին ենթարկել, որովհետև էլ ավելի է բարդանում ու սրվում ուսուցիչ-սովորող հարաբերությունը: Սպառնալիքը երբեք չի կարող դրական ազդեցություն ունենալ: Երբ ուսումնական պրոցեսը հետաքրքիր է, սովորողները ինքնաբերաբար են միանում, իսկ դժվարություններ ունեցող սովորողներին միշտ էլ կարելի է աջակցել:



Ինվարիանտ 7
Յուրաքանչյուր մարդ գերադասում է ինքն ընտրել իր աշխատանքը, նույնիսկ եթե այդ ընտրությունն իրեն ձեռնտու չէ.

Ընտրության հնարավորություն ունենալը շատ կարևոր է: Այն պետք է ձևավորել և զարգացնել վաղ տարիքից, որովհետև դրա շնորհիվ է զարգանում նաև ինքնուրույնությունը: Ես սովորողներին շատ եմ ասում, որ իրենք են որոշողը այս կամ այն գործունեությունն իրականացնելիս:


Ինվարիանտ 8
Ոչ ոք չի սիրում աշխատանք անելու աննպատակ գործառույթ իրականացնել, այսինքն՝ անել գործողություններ և ենթարկվել մտահղացումների, որոնք իրեն օտար են և անհասկանալի.

Այն գործունեությունները, որոնք սովորողի համար հետաքրքրություն չեն առաջացնում, կատարվում են մեխանիկորեն՝ առանց արդյունք ստանալու:

Ինվարիանտ 9
Անհրաժեշտ է ձգտել նրան, որ աշխատանքը մոտիվացիա դառնա.

Սովորողի ոգևորությունից կախված է աշխատանքի արդյունավետությունը: Եթե որպես պարտադրանք է դիտվում, աշխատանքն էլ հետաքրքիր չի լինում, ձանձրալի է դառնում:

  • Ինվարիանտ 10
    Անհրաժեշտ է վերջ դնել սխոլաստիկային.
    10ա. Յուրաքանչյուր մարդ ձգտում է հաջողության: Անհաջողությունն արգելակում է աշխատանքը և զրկում ոգևորությունից:
    Երբ սովորողը սխալվում է կամ էլ թերանում է ինչ-որ գործունեության մեջ, ուսուցիչը չպետք է մատնացույց անի սխալը, կարող է ուղղել, ուղղորդել, բայց չշեշտել, հատուկ ուշադրությունը չսևեռել այդ սխալի վրա: Ամեն մի հաջողությամբ ավարտված գործը էլ ավելի կոգևորի սովորողին:
  • Ինվարիանտ 10բ
    Ոչ թե խաղը, այլ աշխատանքն է երեխայի բնական զբաղմունքը.
    Կարող եմ ասել, որ սովորողները ոգևորությոամբ են մասնակցում ուսումնական գործունեությանը, եթե այն ներկայացվում է խաղի տեսքով: Հատկապես տարրական դասարաններում խաղը գործունեության անբաժան բաղկացուցիչն է:

    Ինվարիանտ 11
    Ո՛չ հսկումն է գիտելիքների յուրացման առավել արդյունավետ ճանապարհ, ո՛չ բացատրությունը և ո՛չ ցուցադրությունը, որ ավանդական դպրոցի հիմնական գործելաձևերն են կազմում, այլ փորձարարական որոնումը՝ իմացության համակողմանի և բնական մեթոդը:

    Երբ անընդհատ հարցադրումների կամ սեփական փորձի միջոցով ես գտնում հարցի պատասխանը, այն ավելի արդյունավետ է յուրացվում:
  • Ինվարիանտ 12
    Հիշողությունը, որին դպրոցն այնքան մեծ կարևորություն է տալիս, մեծ արժեք ունի այն դեպքում, եթե միացած է փորձարարական որոնման գործընթացին.
    Եթե նյութը մատուցվում է այնպես, որտեղ սովորողը մտածելու, փորձելու և տեսնելու հնարավորություն չի ունենում, ապա դժվարանում է հիշել, մտապահել և եզրակացություններ անել:

  • Ինվարիանտ 13
    Գիտելիքները ձեռք են բերվում փորձի ճանապարհով, այլ ոչ թե, ինչպես հաճախ մտածում են, օրենքների և կանոնների ուսումնասիրությամբ.
    Փորձի միջոցով պետք է դուրս բերել օրենքը և ոչ թե հակառակը՝ անգիր անել օրենքը և փորձել ինչ-որ տեղ կիրառել:
  • Ինվարիանտ 14
    Հակառակ սխոլաստիկայի դրույթներին՝ մտածողությունը մտածելու՝ ոչ թե կարծես մեկուսի և փակ շրջանում անջատ գործող, այլ մարդու մյուս հատկությունների հետ սերտ համագործակցող կարողությունն է:
    Յուրաքանչյուր մարդ ունի մի առանձնահատուկ մտածողություն: Այն ձևավորվում է շատ վաղ հասակից և զարգանում է տարբեր կերպ: Տարբեր գործունեությունների ժամանակ դրսևորվում է առավելագույն ներուժը:

  • Ինվարիանտ 15
    Ավանդական դպրոցը զարգացնում է իրական կյանքի պահանջներից հեռու, վերացական մտածողության ունակություններ:
    Ստացած գիտելիքների կիրառումն ամենակարևորն է, որովհետև եթե ստանում ես բազային գիտելիք, բայց չես կարողանում այն կիրառել, հեշտ մոռացվում է և կորցնում է իր արժեքը:

  • Ինվարիանտ 16
    Երեխան չի սիրում ex cathedra3 բացատրություններ լսել:
    Սովորողը կարող է լսել՝ դասի սկզբում ինչ է ասում ուսուցիչը, բայց ամբողջ ժամը կենտրոնացած ուշադիր չի կարող լինել: Սովորողը պետք է զբաղված լինի գործով, ինքնուրույն գտնելով հարցի պատասխանը, եզրահանգումներ անելով կամրապնդի իր ստացած գիտելիքները:
  • Ինվարիանտ 17
    Երեխան այն աշխատանքից չի հոգնում, որն իր գործնական կենսական պահանջմունքներին է համապատասխանում.
    Ելնելով տարիքային առանձնահատկություններից, հետաքրքրություններից, թեման այնպիսին պետք է լինի, որ թույլ տա մի գործունեությունից սահուն անցում կատարել մյուս գործունեությանը:
  • Ինվարիանտ 18.
    Ոչ ոք՝ ո՛չ երեխան, ո՛չ մեծերը չեն սիրում հսկողություն և պատիժ, որը հաճախ ընկալվում է որպես արժանապատվության ոտնահարում, մանավանդ եթե արվում է հրապարակավ:
    Ցանկացած խնդրի դեպքում սովորողի հետ պետք է միշտ խոսել առանձին, քննարկել հարցերը, փորձել գտնել լուծումները, որովհետև խնդիրը միայն տվյալ սովորողին է վերաբերում, քննարկման թեմա պետք չէ դարձնել այն;
  • Ինվարիանտ 19
    Առաջադիմության գնահատանիշ դնելը և աշակերտներին որակավորելը սկզբունքորեն սխալ են.

    Միանշանակ չի կարելի սովորողներին որակավորել, քանի որ յուրաքանչյուր սովորող ունի ինչպես վատ, այնպես էլ լավ կողմեր: Պետք է գովել դրականը, տեսնել բնավորության լավ կողմերը, որպեսզի սովորողի մոտ ինքնագնահատականը չընկնի:
  • Ինվարիանտ 20
    Անհրաժեշտ է հնարավորինս քիչ խոսել.
    Երբ ուսուցիչը քիչ է խոսում, սովորողներն են սկսում մտածել, տրամաբանել, եզրահանգումներ անել:
  • Ինվարիանտ 21
    Երեխան չի սիրում աշխատանք «հոտում», որտեղ յուրաքանչյուր անհատ պիտի ենթարկվի «հովվին»: Նա սիրում է անհատական աշխատանքը կամ էլ աշխատանք կոլեկտիվում, որտեղ իշխում է համագործակցության ոգին.
    Երեխաները սիրում են ներկայացնել, պատմել, ցույց տալ իրենց աշխատանքը, որտեղ երևում է Ես-ը, անհատականությունը, ձևն ու ճաշակը:
    Սիրում են նաև խմբային աշխատանքը, որտեղ համախմբված են, առաջադրանքներն էլ բաժանված՝ ունենալով պատասխանատվություն տվյալ գործի համար:
  • Ինվարիանտ 22
    Դասարանում անհրաժեշտ է պահպանել կարգապահություն, կարգ ու կանոն.
    Կարգ ու կանոնի ձևավորումը դասարանում հնարավորություն է տալիս բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը: Դասարանում սովորողների հետ պետք է մշակվեն, քննարկվեն կանոնները, որպեսզի կանոնները ոչ թե թելադրվեն, այլ համաձայնության գան բոլորը:
  • Ինվարիանտ 23
    Պատիժը միշտ սխալ է: Այն ստորացուցիչ է բոլորի համար և երբեք չի հասնում ցանկալի նպատակին: Դա ամենածայրահեղ միջոցն է:
    Պետք է խոսել և բացատրել, պարզաբանել արարքի պատճառը, որպեսզի երեխան հասկանա հետևանքը, ոչ թե առանց պատճառի կամ բացատրության պատժվի:
  • Ինվարիանտ 24
    Դպրոցի նոր կյանքը կառուցվում է համերաշխության սկզբունքով, այսինքն՝ աշակերտներին ուսուցիչների հետ հավասարապես դպրոցի կյանքի և գործունեության ղեկավարման իրավունք է տրվում.
    Համերաշխ դասարանի մթնոլորտը լինում է միշտ ջերմ ու դրական:
  • Ինվարիանտ 25
    Դասարանի գերխտությունը միշտ էլ մանկավարժական վրիպում է.
    Եթե դասարանում սովորողների քանակը մեծ է, ուսուցիչը չի կարող արդյունավետ աշխատել: Սովորողների հետ ստեղծագործական, փորձարարական որոնման գործընթացը կազմակերպելը կդառնա դժվար:

  • Ինվարիանտ 26
    Խոշոր դպրոցական համալիրների (կոմբինատների) ժամանակակից հայեցակարգը հանգեցնում է ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների անանունությանը. այդ հայեցակարգը սխալական է և խոչընդոտ մեր նպատակների իրականացման ճանապարհին:
    Մեր կրթահամալիրում ամենակարևոր շեշտադրումներից են սովորողի անհատականությունն ու հետաքրքրությունները, որոնք հաշվի առնելով կարողանում ենք զարգացնել այդ հմտություններն ու կարողությունները: Ուսուցիչն էլ կաղապարված չէ, հնարավորություն ունի ազատ ստեղծագործելու, ընդլայնելու սովորողների մտահորիզոնը, երևակայական ու ստեղծագործական միտքը:
  • Ինվարիանտ 27
    Ապագայում հասարակության ժողովրդավարացումը նախապատրաստվում է դպրոցի ժողովրդավարացմամբ. Ավտորիտար դպրոցը չի կարող ժողովրդավարական հասարակության ապագա քաղաքացիներ ձևավորել:
    Պարտաճանաչ, կարգապահ, մտածող, ժողովրդավար քաղաքացիները ձևավորվում են դպրոցում, քանի որ դպրոցն էլ իր հերթին փոքրիկ «պետություն» է: Երբ ուսուցիչը նախագահի դեր չի սանձնում, այլ ունի հավսար իրավունքներ, ինչպես սովորողները, ստացվում է համերաշխ և միասնական ուժերով դժվարությունները հաղթահարող հասարակություն:
  • Ինվարիանտ 28
    Դաստիարակության հիմքում անհատի արժանապատվությունն է: Ուսուցչի և աշակերտի փոխադարձ հարգանքը դպրոցի նորացման գլխավոր պայմաններից մեկն է:
    «Ուրիշների մի արա այն, ինչ որ քեզ չէիր ցանկանա, այլ արա այն, ինչ քեզ համար լավ կլիներ»:
    Դասարանում աառողջ մթնոլորտ պահելու գրավականը փոխադարձ հարգանքն է: Ուսուցիչը չի կարող ոտնահարել սովորողին, չհարգել նրան, բայց նրանից հարգանք պահանջել:
  • Ինվարիանտ 29
    Սոցիալական և քաղաքական ռեակցիաների բաղկացուցիչ մաս կազմող մանկավարժական ռեակցիան հակադրվում է առաջադիմական բարեփոխումներին:
    Եթե ուսուցչի դասի/ գործունեության կազմակերպումը, բարեփոխումներն իրականացնել այնքան էլ չի ընդունվում կամ քննադատությունների է արժանանում, նա չպետք է կանգ առնի, քանի որ կենտրոնում սովորողի շահերն են:
  • Ինվարիանտ 30
    Վերջին ինվարիանտը, որը հաստատում է մեր փնտրտուքների անհրաժեշտությունը և արդարացնում մեր գործունեությունը, լավատեսական հավատն է կյանքի հանդեպ:
    Ոգևորությունն ու լավատեսությունն ամենալավ միջոցներն են հաջողության հասնելու համար:Կյանքի հանդեպ հավատն ու հույսը կկարողանան նպասել դասարանում դժվարությունները հաղթահարելուն:

Աշխատանքային ուղղությունները.

Հանրակրթության պետական չափորոշիչ

Իմացումի հրճվանք ծրագրի մայրենիի բաղկացուցիչը

Մայրենիի ֆլեշմոբը

Մայրենիի նախագծերը

Հայոց լեզվի ուսումնական նյութերը 2-3-րդ դասարաններում

 2-րդ դասարանի հայոց լեզվի գիրք-տետր

Հայոց լեզվի դասագիրք երրորդ դասարանի համարСкачать

Հայոց լեզվի դասագիրք չորրորդ դասարանի համար1Скачать

Ընթերցվող գրականություն

Մանկավարժական ինվարիանտներ: Սելեստեն Ֆրենե

Ուսուցչի տասը պատվիրանները: Ջորջ Փոյա

Դպրոցական ուսուցչի խոստովանությունը: Ջոն Թեյլոր Գատո

Իմ մանկավարժական դավանանքը: Ջորջ Դյուի

Առաջադրանքներ

Ընթերցվող գրականություն

Գրավոր քննարկել հետևյալ հոդվածները՝ ներկայացված մոտեցումները հիմնավորելով սեփական փորձի օրինակներով:

Մանկավարժական ինվարիանտներ: Սելեստեն Ֆրենե

Ուսուցչի տասը պատվիրանները: Ջորջ Փոյա

Դպրոցական ուսուցչի խոստովանությունը: Ջոն Թեյլոր Գատո

Իմ մանկավարժական դավանանքը: Ջորջ Դյուի